Փորձագետներից շատերը նշում են, որ 2013-ի նախագահական ընտրություններն առանձնապես որևէ հետաքրքրություն չեն պարունակում, ինչը նշանակում է, որ ընտրողների մասնակցությունը բավականին ցածր կլինի։ Քաղաքական տեխնոլոգ ՎԻԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ կարծում է, որ այն բանից հետո, երբ քիչ թե շատ կշիռ ու ազդեցություն ունեցող քաղաքական ուժեր և գործիչներ տարբեր պատճառաբանություններով հրաժարվեցին ընտրական գործընթացներին մասնակցելուց, ընտրությունները կորցրին իրենց քաղաքական ինտրիգը։ «Այսօր կարծես որևէ կասկած չկա, որ ընտրության արդյունքը կանխատեսելի է, և ընտրությունները վերածվել են զուտ տեխնիկական միջոցառման։ Իշխանություններն ավելի շատ մտահոգված են նրանով՝ ինչպես ապահովել արևմտյան չափանիշներին քիչ թե շատ համապատասխան հաղթական արդյունք։ Այս պարագայում, բնականաբար, հետաքրքրության որոշակի անկում նկատվում է»։
Վիգեն Հակոբյանը, սակայն, չի կարծում, որ կգրանցվի ընտրողների մասնակցության խիստ ցածր ցուցանիշ։ Ըստ նրա՝ նախ դա թույլ չեն տա իշխանությունները։ Բացի այդ, Հայաստանում, անկախ ամեն ինչից, միշտ էլ ընտրազանգվածը մեծ ակնկալիքներ ունի հենց նախագահական ընտրություններից։ «Մեր տիպի մենթալիտետ ունեցող ժողովուրդներն ավելի շատ հույսը կապում են կոնկրետ մարդու, քան ոչ «շոշափելի», որոշ դեպքերում նույնիսկ «վիրտուալ» քաղաքական կառույցների հետ։ Այնպես որ, որոշակի հետաքրքրություն ընտրությունների նկատմամբ, այնուամենայնիվ, լինելու է։ Ավելի պատկերավոր ասած, օրինակ, օրերս Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան ընտրելու էր լավագույն ֆուտբոլիստին։ Այստեղ նույնպես գրեթե ոչ ոք չէր կասկածում, թե ով է հաղթելու, այդուհանդերձ, բավականին լուրջ հետաքրքրություն կար այդ միջոցառման նկատմամբ զուտ որպես շոուի։ Ինչ-ինչ, մեզ մոտ թամաշան միշտ բարձր մակարդակի է։ Այնպես որ, կարծում եմ՝ հանրության շրջանում հետաքրքրություն ընտրությունների նկատմամբ լինելու է, թեև ոչ այնքան, որքան 2008-ին կամ նախորդ ընտրություններում, որտեղ կար կոնկրետ ընտրական ինտրիգ»։
Ինչ վերաբերում է նախագահի թեկնածուների տարօրինակ կազմին, ապա, ըստ քաղտեխնոլոգի, նրանց մեծ մասի հիմնական խնդիրն իրենց էկզոտիկ հայտարարություններով, էքստրավագանտ պահվածքով շոուն և հետաքրքրությունն ապահովելն է։ Այդ դեպքում ինչո՞ւ իշխանությունը չի կարողանում քիչ թե շատ նորմալ թեկնածուների ներդնել՝ ընտրապայքարին սոլիդություն ապահովելու համար։ Վիգեն Հակոբյանը կարծում է, որ վերջին 10-15 տարիներին իշխանություններն անհեռատեսորեն և հետևողականորեն «փչացրել» են քաղաքական դաշտը՝ վարկաբեկելով, կաշառելով, գնելով մարդկանց։ «Գործը հասել է նրան, որ այսօր, երբ իշխանություններին հարկավոր են ձևական հակառակորդներ, վարկանիշ ունեցող քաղաքական, հասարակական գործիչներ, մտավորականներ չեն կարողանում գտնել։ Այդ հարցում, իհարկե, ոչ միայն իշխանությունն ունի մեղքի իր բաժինը, այլև, առաջին հերթին, հենց այդ գործիչները»։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ